Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Առանց որևէ միության մենք ավելի լավ կարող էինք զարգանալ»

«Առանց որևէ միության մենք  ավելի լավ կարող էինք զարգանալ»
06.10.2013 | 13:13

Մաքսային միություն Հայաստանի մտնելու հարցն այս օրերին ամենաշատ քննարկվողներից է: Խնդրի շուրջ «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ:

-Պարոն Բագրատյան, ելնելով Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտարարությունից, կարող ենք ասել, որ որոշված է Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու հարցը: Ի՞նչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Մենք նո՞ր կառույց ենք մտնում:
-Այո, դա նոր կառույց է, բայց ոչ թե մեզ համար, այլ երրորդ երկրների: Այսինքն` այն երկրները, որոնք Մաքսային միության անդամ չեն, հետայսու ավելի բարձր մաքսատուրքերով պետք է մեզ հետ առևտուր անեն:
-Մաքսային միության մեջ մտնող ամենախոշոր երկիրը` Ռուսաստանը, տնտեսական խնդիրներ ունի. ՌԴ տնտեսական աճը զրոյական մակարդակին մոտ է: Ի՞նչ ունի անելու Հայաստանը տնտեսական աճ չունեցող երկրի կողքին: Դա վտանգավոր չէ՞ մեր տնտեսության համար:
-Դա արդեն ինձ չպիտի հարցնեք: Դա պիտի հարցնեք նրան, ով տանում է Հայաստանը այնտեղ, հանրապետության ղեկավարությանը: Ինչ վերաբերում է ՌԴ տնտեսական աճին, Ռուսաստանը վերջին տարիներին այնպես չէ, որ շատ վատ է աճել: Նախ` Ռուսաստանն անկում չապրեց այնքան, որքան Հայաստանը: 2009-ին Հայաստանի տնտեսությունը 14,5 տոկոս անկում ապրեց, Ռուսաստանինը` ընդամենը 7 տոկոս: Իսկ նախորդ տարիների ՌԴ տնտեսական աճը, համենայն դեպս, վատ չէր: Նկատի ունեցեք, որ Ռուսաստանը թվերը չի թխում, ինչպես Հայաստանը: Հայաստանում տնտեսական աճ չկա, և տնտեսությունը դեգրադացվում է: Մեզ մոտ նույնիսկ արդեն թվեր նկարելը, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, հասել է մոլագարության աստիճանի, և այստեղ արդեն հոգեբանի միջամտության կարիք կա: Ինչ վերաբերում է այս տարվա աճի բացակայությանը, այն պայմանավորված է նրանով, որ նավթի գներն այս տարի կայուն են մնացել, և լրացուցիչ եկամուտ չկար: Պետք է նկատել, որ նավթից եկած փողը Ռուսաստանը չի կարողանում օգտագործել և ստեղծել մրցունակ վերամշակող արդյունաբերություն: Այս պրոբլեմը ՌԴ-ում կա:
-Այսինքն` Հայաստանը մտնում է մի տնտեսական գոտի, որտեղ խնդիրներ կան, և որոնք կարող են պրոբլեմներ առաջացնել իր ներսում: Որքան գիտեմ` Բելառուսի տնտեսությունը վնասներ է կրել Մաքսային միության մեջ:
- Համաձայն եմ, Բելառուսի վիճակը Մաքսային միություն մտնելուց հետո կտրուկ վատացավ, որովհետև Բելառուսը էներգակիր ներմուծող էր, իսկ Ռուսաստանը և Ղազախստանը՝ արտահանող: Վերջերս Բելառուսի համար որոշակի բացառություններ արվեցին, կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է դիմի նման բացառությունների համար:
-Օրենսդրական փոփոխություններ անհրաժե՞շտ են ՄՄ մտնելու համար: Եթե այո, ապա դրանք բացասական ազդեցություն չե՞ն ունենա մեր` այլ երկրների հետ տնտեսական հարաբերություններում:
-Անշուշտ, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց դրանք կազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա, թե ոչ, դեռևս հայտնի չէ: Հայաստանը կարող է բանակցել, ստանալ որոշակի բացառություններ, բայց եթե այսօր առաջնորդվում ենք նրանով, թե ինչ մաքսատուրքեր կան այդ երեք երկրների մեջ` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, դա ավտոմատ պետք է կիրառվի Հայաստանում, և շատ երկրներ կտուժեն: Օրինակ, կտուժի Իրանը:
-Հայ գործարարների մեծ մասը կողմ է Մաքսային միությանը: Ասվում է, որ իրենց արտադրանքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար տասնյակ տարիներ են հարկավոր: ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի մտնելու դեպքում հայ գործարարները կտուժե՞ն:
-Ոչ, եվրոպական առևտրի գոտի մտնելու պարագայում պայմանները կլավանան: Դա չէ խնդիրը: Գործարարները չեն կորցնի որևէ բան: ԵՄ մտնելու դեպքում այնպես չէ, որ ինչ-որ մի բան կար, հետո արդեն չի լինի: Հակառակը` ազատ է, կարո՞ղ ես, գնա վաճառիր: Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի մտնելով մեզ համար ընդհանրապես արգելքները կվերանան: Ոչ մեկին չեն ասում` մինչև հիմա դու վաճառում էիր, հիմա այդ իրավունքը քեզնից վերցնում ենք: Խնդիրը դա չէ: Եվրոպայի արտադրանքը այստեղ կգա, և հայ գործարարները վախենում են կորցնել շուկան Հայաստանի ներսում: Դա է հարցը: Եթե նրանք ազնիվ են, այդպես պիտի պատասխանեն: Նույնը եղավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալով: Մենք այսօր ունենք թուրքական պարենամթերք, որն ավելի էժան է և հաճախ շատ ավելի որակով: Բայց եթե դուք ուզում եք Եվրոպա գնալ, ինչպե՞ս կարող եք գնալ` թույլ չտալով, որ Եվրոպան գա ձեզ մոտ: Դուք Եվրոպա գնալու եք ոտքով` ֆիզիկապես, Եվրոպան գալու է արտադրանքով: Սա է ԵՄ բանաձևի հետևանքը: Ի դեպ, թող ոչ ոք չկարծի, թե ավելի հեշտ է լինել ռուսական շուկայում: Այդ շուկան իր մակարդակով, իր պահանջներով նույնպես շատ բարձր է: Օրինակ, բոլոր կոնյակագործներին ուզում եմ զգուշացնել. նույնիսկ ՄՄ մտնելով, կոնյակը, մեկ է, ստուգվելու է: Խորհուրդ չեմ տա ռեկտիֆիկատ սպիրտը լցնել, գունավորել և տանել Ռուսաստան վաճառելու:
-Իսկ առհասարակ մենք ի՞նչ ունենք արտահանելու, կարծես շատ բան չունենք:
-Դե, մի քանի բան ունենք` կոնյակն է, գինին, հանքահումքային մետաղները, մի ժամանակ ադամանդ կար, հիմա չկա, ծրագրեր են, շատ բան չէ: Բայց մենք զրո չենք: Թող գովազդ չընկալվի, բայց, օրինակ, Մոսկվայում այսօր «Նոյան» հյութը մեծ պահանջարկ ունի, և ես խորհուրդ կտայի, որ նրանք շատ չթանկացնեն իրենց արտադրանքը, մտածեն ինքնարժեքը իջեցնելու մասին, որովհետև կարող են մրցակցությունից դուրս մնալ: Պահանջված է նաև «Գրանդ Քենդիի» արտադրանքը: Պահանջված արտադրանք է դառնում հայկական պանիրը, ոչ աղի, «Լոռի» պանիրը: Միայն թե պետք չէ աղաջուր մտցնել-հանել և աղի հաշվին քաշ ստանալ:
-Ի վերջո, ո՞րն է Հայաստանի համար ավելի շահեկան` ԵՄ-ի հետ ասոցացո՞ւմը, թե՞ Մաքսային միությունը:
-Եվրամիության հետ կապը մեզ համար ավելի մեծ է: ԵՄ մաքսատուրքերի մակարդակը նույնն է, ինչ Հայաստանում: Այսինքն, մտնելով ԵՄ առևտրի գոտի, մենք երրորդ երկրների հետ առևտրին գրեթե չէինք վնասելու: Մեզ համար տնտեսական իմաստով երրորդ երկիր կդառնային Իրանը կամ Ռուսաստանը, բայց ՄՄ-ում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան ԵՄ-ում: Մտնելով ՄՄ` մենք ԵՄ երկրների նկատմամբ, որտեղ մաքսատուրքերը ցածր են, կիրառելու ենք բարձրացված մաքսատուրքեր, և այդ առևտուրը տուժելու է: Հայաստանը խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի մտնելով ավելի քիչ վնաս է տալու Ռուսաստանին, քան ՄՄ մտնելով` Եվրոպային: Բայց կրկնում եմ` Բելառուսը բազմաթիվ արտոնություններ է ստացել, և շատ հնարավոր է, որ Հայաստանին նույնպես ընդառաջեն: Ինձ զարմացնում է ուրիշ հարց. այսքանից հետո, եթե որոշել են Մաքսային միություն գնալ, մի քիչ կարդան, էլի, մի քիչ կազմակերպեն, ուսումնասիրեն, իմանան՝ ինչ հարց են ուզում լուծել: Որոշումը կայացնում են, հետո են հանձնաժողով ստեղծում: Ինչո՞ւ մինչև հիմա այդ հարցը ուսումնասիրող ոչ մի հանձնաժողով չկար, ի՞նչ էր անում վարչապետը, ի՞նչ էր անում նախագահը:
-Պարոն Բագրատյան, «Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն» ընտրությունը Հայաստանի համար կենսակա՞ն խնդիր է: Հայաստանը չի՞ կարող զարգանալ անկախ այդ միություններից: Նկատի ունենալով, որ Դուք նախագահի թեկնածու էիք, ինչպե՞ս կվարվեիք, եթե ստիպված լինեիք որոշում կայացնել:
-Ես կդիմեի ժողովրդին, բայց որպես տնտեսագետ իրականում չէի ձգտի ո՛չ այնտեղ, ո՛չ այնտեղ: Մենք ունենք 2009 թվի եվրոյի տխուր փորձը: Երբեք նույն վալյուտան չի կարող միաժամանակ կիրառվել և՛ այն երկրների համար, որոնք արտահանում են, և՛ այն երկրների համար, որոնք ներմուծում են: Կարծում եմ` առանց որևէ միության մենք ավելի լավ կարող էինք զարգանալ: Միայն պետք է լիներ դեմոկրատիա:
-Իսկ միայնակ դժվար չի՞ լինի առաջ գնալը:
-Ոչ, Շվեյցարիան չի՞ զարգանում:


Զրույցը՝
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 2031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ